Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ի զարգացման ֆինանսավորման համաժողովի շրջանակներում հանդիպել է Միջազգային առևտրի պալատի (ICC) գլխավոր քարտուղար Ջոն Դենթոնի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Միջազգային առևտրի պալատի հայաստանյան ազգային կոմիտեի գործադիր խորհրդի անդամ, առևտրի և ներդրումային հանձնաժողովի նախագահ Հայկ Մարգարյանը:
Միջազգային առևտրի պալատը աշխարհի խոշորագույն բիզնես կազմակերպությունն է, որը ներկայացնում է ավելի քան 45 միլիոն ընկերություն՝ 170-ից ավելի երկրներում։ 1919 թվականից ի վեր ICC-ն խթանում է միջազգային առևտուրը, պատասխանատու բիզնես վարքագիծը և գլոբալ կարգավորումները՝ ռազմավարական շահերի պաշտպանությամբ, կանոնների ձևավորմամբ և վեճերի լուծմամբ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի բիզնես միջավայրին վերաբերող հարցեր։ Հանրապետության նախագահը մասնավորապես անդրադարձել է Հայաստանում ներդրումների ներգրավման, առևտրի զարգացման և ստանդարտացման հարցերին, ինչպես նաև ներկայացրել է Հայաստանի Կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։
Զրույցի ընթացքում Ջոն Դենթոնը շեշտել է իր պատրաստակամությունը Հայաստանում կայանալիք COP17 ՄԱԿ-ի կենսաբազմազանության համաժողովի կազմակերպման և անցկացման գործընթացում հնարավոր աջակցության ցուցաբերման հարցում։