Խորհրդարանը հուլիսի 1-ի արտահերթ նստաշրջանում առաջին ընթերցմամբ քննարկել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները և լրացումը:
Նախատեսվում է ավելացնել պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողներին տրվող հիմնական արձակուրդի ժամկետները և նրանց համար լրացուցիչ արձակուրդ սահմանել զինվորական երդում ընդունելու կապակցությամբ: Ռազմաուսումնական հաստատություն ավարտած և ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում կամ ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնների նշանակված սպաների համար գործող ծառայողական բնակարաններով ապահովման համակարգը փոխարինվում է իրենց կարիքներին համահունչ պետական բյուջեի միջոցների հաշվին հիփոթեքային վարկավորմամբ սեփականության իրավունքով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու իրավունքով:
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը տեղեկացրել է, որ գործող կարգավորումներով շարքային և սերժանտական կազմերի համար նախատեսված է, համապատասխանաբար, 10 և 15 օրացուցային օր արձակուրդ. օրենքի փոփոխությամբ բոլորի համար այն կդառնա 21 օր, իսկ մարտական հերթապահություն իրականացնող զորամասերի համար՝ 30 օր: Ռազմաուսումնական հաստատություններն ավարտած և վկայականներ ստացած կուրսանտները հնարավորություն կունենան իրենց ընտրությամբ ցանկալի վայրում ձեռք բերելու բնակարաններ, որոնք տնօրինելու իրավունք կունենան 20 տարվա ծառայությունն ավարտելուց հետո:
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը հստակեցրել է, որ բնակարանի ձեռքբերման դրույթը գործելու է այն կուրսանտների նկատմամբ, որոնք ընդունվել են 2022 թվականից հետո, և նշել, որ կան նաև զինծառայողներին բնակարաններով ապահովման այլ ծրագրեր: Պատգամավորը տեղեկացրել է, որ ավարտական վկայականը ձեռք բերելուց և լեյտենանտի կոչումը ստանալուց հետո կտրամադրվի տուն ձեռք բերելու իրավունքը: Պետության կողմից տրվող գումարը համարժեք է լինելու նույն օրը Երևանում 3 սենյականոց բնակարանի արժեքին: Այդ գումարով կուրսանտը կարող է ՀՀ ցանկացած տարածքում իր ընտրությամբ ցանկալի վայրում ձեռք բերել բնակարան: