Ես ոչ մի բան չեմ բացառում: Քաղաքական, այսպես ասած, բաժանումների խաչմերուկում է ՀՀ-ն մշտապես գտնվել: Ղարաբաղյան ամբողջ պրոցեսը նման շահերի համար օգտագործվել է: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին՝ թե խմբակը, որը, ըստ քննչական մարմնի, զանգվածային անկարգություններ և իշխանության յուրացում է փորձել կատարել, ունեցե՞լ է արդյոք քաղաքական հովանավորներ նախկին նախագահների շրջանում կամ արտերկրից:
«Ես իմ անձնական կարծիքն ունեմ հոկտեմբերի 27-ի հետ կապված. թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ Սերժ Սարգսյանը ամենայն հավանականությամբ իմացել են պատրաստվող բանի մասին: Սերժ Սարգսյանը, լինելով սուպերնախարար, ո՞նց է ստացվում, որ այդ օրն այդտեղ չի եղել։ Ես որևէ ապացույց, ցավոք, չունեմ. այն ժամանակ 19-20 տարեկան տղա եմ եղել, բայց այն ժամանակ եթե հնարավորություն լիներ, այն տեխնիկական հնարավորությունը, որ այսօր կա, իրենք, 100 տոկոս վստահ եմ, որ կիմանային, բայց էլի եմ ասում, որ շատ հնարավոր է, որ էլի իմացել են, ուղղակի իրավիճակը ձեռք է տվել: Չե՞ք հիշում՝ Հոկտեմբերի 27-ից առաջ ինչ խոսակցություններ կային. որ Ռոբերտ Քոչարյանը անգլիական թագուհու կարգավիճակ ուներ ՀՀ-ում, որովհետև ամբողջ իշխանությունը կենտրոնացած էր Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի ձեռքում: Բացի Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի՝ ազդեցիկ քաղաքական գործիչ լինելուց, քաղաքական կշիռ ունենալուց, նրանք ուրիշ սուպեր բան ունեին՝ ժողովրդի աջակցությունն ունեին. այդ իրավիճակում Ռուբերտ Քոչարյանը կամ որևիցե մեկը ոչ մի բան չէին կարող անել, ու, այո, ես կարծում եմ, որ նման բանի շուրջ խոսակցություններն այսօր էլ են եղել, այսօր էլ են փորձել: Բագրատ Գալստանյանը՝ այդ կերպարը, իր հարցազրույցների մեջ նույնիսկ ակնարկում է, ասում է՝ դե, կանենք, անում ենք, էլի: Մենք ասում ենք՝ ինքը քաղաքական դիակ է, թողնելու ենք փողոցում՝ կոշիկի պես մաշվի: Պարզ էր, չէ՞, որ ինքը քաղաքական պրոցես չի կարող գեներացնել, և պարզ էր, որ իր վստահությունը, որ գնում էր ընդդիմադիր լրագրողների մոտ, ասում էր՝ հեսա էս ենք անելու, էն ենք անելու, հետո դրան ավելանում է՝ մենք մեր ձևերով կանենք, կմասնակցենք»,- ասաց Ալեն Սիմոնյանը: