Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր Դատախազության՝ Դիլիջանում գտնվող նստավայրում ընդունել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ Գիորգի Գոգաձեին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:
Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահը Հայաստան է ժամանել՝ մասնակցելու ՀՀ դատախազության հիմնադրման 107-ամյակի և Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ, Դիլիջանում հուլիսի 1-ին մեկնարկող՝ «Դատախազների անկախությունն ու անաչառությունը՝ հանցագործություն կատարած պաշտոնատար անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համատեքստում. կոռուպցիա և փողերի լվացում» թեմայով միջազգային երկօրյա բարձրաստիճան համաժողովին։
Աննա Վարդապետյանը ողջունել է Գիորգի Գոգաձեին և բարձր գնահատել կայանալիք բարձրաստիճան համաժողովին Դատախազների միջազգային ասոցիացիայի ներկայացվածությունը: Անդրադարձ է կատարվել 2024 թվականի մարտի 5-ին Հաագայում և մայիսի 20-ին Երևանում Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղարի և ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպումներին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։
Հիշեցնենք, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի անդամի թեկնածու։