ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ՀՀ ԱԺ պատգամավորներ Վահագն Ալեքսանյանի, Ռուստամ Բաքոյանի, Ալխաս Ղազարյանի, Արուսյակ Մանավազյանի, ինչպես նաև Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի, Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանի և Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանի հետ հունիսի 26-ին այցելել է Արարատի մարզի Վեդի համայնք՝ ծանոթանալու Կառավարության համաֆինանսավորմամբ իրականացված ծրագրերի արդյունքներին։ Այդ մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Նախարարն այցելել է Վեդու շատրվանային պուրակ, որը կառուցվել է համայնքի բյուջեի միջոցներով՝ ներդրվել է 66 մլն դրամ։

Այցելություն է եղել նաև համայնքի ամֆիթատրոն, որն ամբողջությամբ կառուցվել է պետության ֆինանսավորմամբ՝ 207 միլիոն դրամի շրջանակում։
Նախարարն այցելել է նաև համայնքի մարզադպրոց և նոր կառուցված ֆուտբոլային մարզադաշտ։

Գևորգ Պապոյանը քննարկումներ է ունեցել համայնքի ղեկավարության հետ՝ շեշտելով պետություն-համայնք համագործակցության կարևորությունը՝ տեղական ենթակառուցվածքների զարգացման և բնակչության կենսապայմանների բարելավման համատեքստում։
Ընդհանուր առմամբ՝ 2022-2025 թվականներին Վեդի համայնքում իրականացվել է ավելի քան 25 սուբվենցիոն ծրագիր։