«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ ներքաղաքական իրավիճակի հետ կապված քննարկում է ունեցել պատգամավոր Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի հետ:
Քննարկման արդյունքները՝ ստորև.
«Ես պատրաստ եմ հրաժարվել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի շրջանակներում իմ թեկնածությունը առաջադրելուց, իսկ Աղազարյանը և Ասլանյանը պատրաստ են առաջադրել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի թեկնածությունը նրա համաձայնության դեպքում:
Կոչ ենք անում բոլոր ընդդիմադիր և իշխող խմբակցության պատգամավորներին միանալ այդ նախաձեռնությանը։
Առաջարկում ենք հարցը բերել խորհրդարան և Սահմանադրական գործընթացով իշխանափոխություն իրականացնել»։
Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց էին սկսել՝ վարչապետի թեկնածու առաջադրելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին։ Նախաձեռնությունը ձախողվել էր, քանի որ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները՝ «Պատիվ ունեմ»-ը ու «Հայաստանը», չէին միացել նախաձեռնությանը։