Առաջ արկածախնդիր հայ պիտի դուրս գա, էն մնացած վախկոտները, էն էշերը հետևից դուրս գան: Այդ մասին մասնավորապես ասվում է «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների և մասնակիցների ձայնագրություններից մեկի մեջ, որը հրապարակել է ՔԿ-ն:
«Թե ինչպես է «սրբազանը» տիրապետում ինչպես իրենք են ասում՝ «անասուն ազգին և էշերին» ոտքի հանելու տեխնոլոգիաներին։ Անշուշտ՝ Կտրիճի օրհնությամբ և սամոների աջակցությամբ»,- այդ մասին Ֆեյսբուքի իր էջում տեղադրելով նշված ձայնագրությունը՝ գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ավելի վաղ վարչապետը գրել էր, որ իրավապահները կանխել են Հայաստանի Հանրապետությունը ապակայունացնելու և իշխանությունը բռնազավթելու «քրեաօլիգարխիակղերական» խոշոր ու եղկելի պլանը։ Վարչապետը հրապարակել էր Քննչական կոմիտեի հաղորդագրությունը:
ՔԿ-ն, ի լրումն տարածված հաղորդագրության՝ ներկայացրել է «Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում գաղտնի քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ձայնագրությունները։
Նախօրեին վարչապետը ֆեյսբուքյան էջում տեղադրել էր Civic.am կայքի՝ «Ընդդիմության հեղաշրջման պլանը» վերնագրով հրապարակումը և գրել.
«Այս պրոցեսը պատմության մեջ կմնա որպես «ստահակների ձախողված հեղաշրջում»:
Հրապարակման մեջ նշված է, որ հեղաշրջման պլանը հասանելի է դարձել ընդդիմության վստահելի աղբյուրներից: Այն, ըստ էության, գործողությունների փուլային ծրագիր է, որում մանրամասն շարադրված են թիրախային քայլերը, գործիքները, դերակատարները: Հեղաշրջման պլանում ներգրավված են գրեթե բոլոր սեգմենտները՝ Եկեղեցուց մինչև հայտնի տիկտոկերներ: