Սիրիայի Էլ Հասաքա նահանգի Քասրուկ շրջանում գտնվող ամերիկյան ռազմաբազան հարձակման է ենթարկվել, հաղորդում Է իրանական Mehr պետական լրատվական գործակալությունը:
Al-Maalomah-ն էլ գրել է, որ բազայի վրա հարձակումը վկայում է տարածաշրջանում դիմադրության շարժման ակտիվության աճի մասին, ապագայում սպասվում է այդ գործողությունների տեմպերի ավելացում:
The New York Times-ն էլ, հղում անելով հետախուզության աղբյուրներին, գրել է, որ Իրանի դաշնակիցները պատրաստվում են հարձակվել ամերիկյան ռազմաբազաների վրա Սիրիայում և Իրաքում:
Սիրիայում ամերիկյան ռազմաբազայի վրա հարձակումը հետևել է Իրանի երեք միջուկային օբյեկտների՝ Նաթանզի, Ֆորդոյի և Սպահանի վրա Միացյալ Նահանգների հարվածներին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հարձակման նպատակը Թեհրանի միջուկային հնարավորությունների սահմանափակումն էր, և պնդել է, որ ուրանի հարստացման հիմնական օբյեկտներն ամբողջովին ոչնչացվել են։
Պենտագոնն էլ հայտարարել է, որ հարվածների վերջնական ազդեցությունը գնահատելու համար ժամանակ կպահանջվի, գրում է պարբերականը։
ԱՄՆ-ն Իրանին կոչ է արել խաղաղություն հաստատել, սակայն սպառնացել է նոր հարվածներով՝ գիշերային հարձակմանը պատասխանելու դեպքում:
Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Թեհրանը իրավունք է վերապահում պաշտպանել իր շահերը ինքնապաշտպանության միջոցով։
Լարվածության այս ֆոնին մերձավորարևելյան տարածաշրջանի ռազմակայաններում տեղակայված ամերիկյան զորքերը բերվել են մարտական բարձր պատրաստության վիճակի: