Կառավարությունը հաստատել է Ռազմական կարիքների համար հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների իրականացման հայտերի ձևավորման, ֆինանսավորման և կատարման կարգը: Ըստ այդմ՝ առաջարկվում է իրավական հիմքեր ստեղծել լիազոր մարմնի և ռազմական կամ երկակի նշանակության ապրանք արտադրողների կողմից ԳՀՓԿԱ գործընթացի ձևավորման, ֆինանսավորման և կատարման իրավահարաբերությունների կանոնակարգման համար: Կարգով տեղական ռազմարդյունաբերության մեջ առաջին անգամ ներդրվել է տեխնոլոգիական պատրաստիության մակարդակի մոդելը, որը կհստակեցնի թե տեխնոլոգիական պատրաստության որ մակարդակում է ի սկզբանե գտնվում աշխատանքը և տվյալ հայտով մինչև որ մակարդակ է այն հասցվելու։ Սահմանվել են յուրաքանչյուր պետական կառավարման համակարգի մարմնի դերը, դիմումին և այլ փաստաթղթերին անդրադառնալու հստակ ժամկետները, ինչպես նաև ԳՀՓԿԱ արդյունքում ստեղծված գույքի տնօրինման ուղղությունները։
Մեկ այլ որոշմամբ էլ հաստատվել է ՀՀ-ում ռազմական նշանակության ապրանքի, դրա լրամասերի, բաղադրիչների, փորձանմուշների, հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների արդյունքների պետական փորձարկումների անցկացման կարգը: Ըստ հիմնավորման՝ ներկայումս ռազմական կամ երկակի նշանակության ապրանքի փորձարկումը նորմատիվ իրավական մակարդակում սահմանված չէ, օգտագործվում են պայմանագրային և ազգային ստանդարտի կարգավորումներ, չկան հստակ ձևաչափեր, սահմանված չեն գործընթացների ժամկետները, կոնկրետ պատասխանատու պետական մարմինները, նրանց գործողությունները, ժամկետները։
Որոշմամբ առաջարկվում է իրավական հիմքեր ստեղծել ՀՀ Կառավարության ռազմարդյունաբերության ոլորտում պետական լիազոր մարմնի, պետական կառավարման համակարգի շահագրգիռ մարմինների և ռազմական կամ երկակի նշանակության ապրանք արտադրողների կողմից այդ ապրանքների փորձարկումների ամբողջ գործընթացի ձևավորման և այդ իրավահարաբերությունների կանոնակարգման համար:
Ըստ այդմ՝ ռազմարդյունաբերական համալիրի սուբյեկտներին հնարավորություն կընձեռվի հստակ պատկերացում ունենալ գործընթացների և դրանց համար սահմանված վերջնաժամկետների վերաբերյալ, միաժամանակ կսահմանվեն իրավահարաբերությունների ձևավորման, կանոնակարգման հիմքերը, շահագրգիռ պետական մարմնի կողմից պատասխանելու և գործընթացներ իրականացնելու համար հստակ ժամանակահատվածներ։