Ռուսաստանը հույս ունի փոխըմբռնման հասնել Սիրիայի նոր իշխանությունների հետ այդ երկրում ռուսական ռազմաբազաների հարցի շուրջ, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը։
«Մենք իհարկե կապ ենք պահպանում, աշխատում ենք, և ես հույս ունեմ, որ նոր իշխանությունների հետ կհասնենք փոխըմբռնման»,- ասել է Բոգդանովը։
Տարեսկզբին արտասահմանյան ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Սիրիայի նոր իշխանությունները խզել են Ռուսաստանի հետ Տարտուս նավահանգստի կառավարման մասին համաձայնագիրը: Միևնույն ժամանակ, Սիրիայի իշխանությունները հայտարարել են, որ դեռևս մտադիր չեն խզել Լաթաքիայում և Տարտուսում ռուսական զորքերի տեղակայման վերաբերյալ համաձայնագրերը:
Ռուսական կողմը տարբեր մակարդակներով հայտարարել է, որ Սիրիայում ռուսական ռազմաբազաների պահպանման հետ կապված հարցը պահանջում է լրացուցիչ խորհրդակցություններ։ Կողմերը համաձայնել են շարունակել խորացված շփումները համագործակցության բոլոր ուղղություններով։