ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառում, որ Միացյալ Նահանգներն ու Իրանը դեռ կարող են համաձայնագիր կնքել ԻԻՀ միջուկային ծրագրի շուրջ։
«Իրանը շատ մոտ է այն փաստաթղթի ստորագրմանը, որը նրանց համար շատ լավ համաձայնագիր կլինի։ Ու, հնարավոր է, դա դեռ կարող է տեղի ունենալ։ Ես չեմ բացառում»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա։
Միաժամանակ Թրամփը կրկնել է իր տեսակետը, թե Իրանի կառավարության ներկայացուցիչները պատրաստ են բանակցությունների համար ժամանել ԱՄՆ, այդ թվում՝ Սպիտակ տուն։
«Նրանք ցանկանում են ժամանել և հանդիպել մեզ հետ։ Նրանք ցանկանում են Սպիտակ տանը հանդիպել ինձ հետ։ Դա հզոր հայտարարություն է։ Բայց արդեն բավական ուշ է»,- ասել է Թրամփը։
Բացի այդ, նա վստահեցրել է, որ կցանկանար տեսնել Իրանի դեմ ռազմական գործողությունների շուտափույթ ավարտ։
«Դրանց՝ հնարավորինս շուտ ավարտվելը կարող է լինել իրադարձությունների դրական զարգացում»,- նշել է նա։