ՍԴ-ն ստեղծել է սահմանադրականության ստանդարտներ, ալգորիթմներ: ՍԴ-ի կուտակած ժառանգությունը գնահատում են ավելի քան բավարար: ՍԴ դատավոր ընտրվելու դեպքում դրանք կօգտագործեմ արհեստական բանականությունը վարժեցնելու, հմտությունները հետևողականորեն զարգացնելու համար: Այդ մասին Ազգային ժողովի՝ հունիսի 19-ի նիստի իր ելույթի ժամանակ ասաց Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Արտակ Զենալյանը՝ ներկայացնելով ոլորտին առնչվող իր տեսլականը:
«Յուրքանչյուր 5 ամիսը մեկ արհեստական բանականության հնարավորությունները բազմապատկվում են, և կարծում եմ՝ կարճ ժամանակ հետո մենք կկարողանանք ունենալ արհեստական բանականության բանաձև, որով հնարավոր կլինի ստուգել նախագծերի սահմանադրականությունը կամ կիրառման ենթակա իրավական ակտերի սահմանադրականությունը: Հաջողության դեպքում այդ ալգորիթմը կտրամադրվի բոլոր իրավակիրառողներին, այդ թվում՝ իրավաստեղծ մարմիններին, նաև փաստաբաններին, քննիչներին, իրավապաշտպաններին»,- ասաց նա:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը հետաքրքրվեց՝ արհեստական բանականությունը կարո՞ղ է փոխարինել մարդուն արդարադատություն իրականացնելիս, այդ թվում՝ սահմանադրական արդարություն: Զեյնալյանը պատասխանեց՝ չի կարող:
«Վերջին հաշվով, որոշումը կայացնելու է մարդը: Չի կարող փոխարինել արհեստական բանականությունը մարդուն որևէ պարագայում: Չեմ հավատում դրան: Դա լինելու է աջակցող, օգնող դաշնակից, բայց՝ ոչ փոխարինող»,- ասաց Զեյնալյանը:
Հիշեցնենք, որ խորհրդարանը քննարկում է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը: Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Կառավարության որոշումը ՍԴ դատավորի պաշտոնում Արտակ Զեյնալյանի թեկնածությունը առաջադրելու մասին։