«Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի կողմից Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին ներկայացված դիմումի համաձայն՝ այս պահին վերահսկողություն է իրականացվում այդ կազմակերպությանը պատկանող 30 հանրային սննդի կետերում:
ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչների կողմից «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի՝ Երևանի Իսահակյան 22 հասցեում գործող մասնաճյուղում իրականացվող վերահսկողության ընթացքում հայտնաբերվել են իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ:
Մասնավորապես՝
-
հանրային սննդի կետի պատերը չեն ունեցել հարթ մակերես, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող, ախտահանվող և ոչ թունավոր նյութերից.
-
առաստաղները կառուցված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը.
-
սննդամթերքի պատրաստման, մշակման կամ վերամշակման համար նախատեսված սննդի կառույցների հատակի մի մասը չի ունեցել հարթ-նորոգ մակերես:
Մասնաճյուղի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար: