Մամուլում, մեդիադաշտում շրջանառվում է, որ սահմանադրական կարգը տապալվում է: Սահմանադրական կարգի տապալումը, որպես քրեորեն հետապնդելի արարք, նախատեսված է ՀՀ Քրեական օրենսգրքով, և դա նշանակում է հետևյալը՝ որևէ անձ պետք է փաստացի դադարեցնի Սահմանադրության կոնկրետ հոդվածների գործողությունը. խոսքը ՀՀ ինքնիշխանության մասին է, այն մասին է, որ մեր երկիրը ժողովրդավարական, ինքնիշխան, սոցիալական, իրավական պետություն է: Այդ մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով իշխանություն-եկեղեցի լարված հարաբերություններին և պարզաբանելով՝ ինչ է նշանակում «սահմանադրական կարգի տապալում»:
Լրագրողները նրան հիշեցրին՝ հոգևորականները հայտարարել են՝ այստեղ իր անելիքն ունի նաև արդարադատության նախարարությունը՝ իշխանությանը զսպելու առումով, բացի դրանից՝ այդ գործողությունները սահմանադրական կարգն են տապալում:
«Խոսքն այն մասին է, որ մեր երկրում մարդը բարձրագույն արժեք է: Խոսքն այն մասին է, որ մեր երկրում գործում է իշխանությունների տարանջատման սկզբունքը: Խոսքն այն մասին է, որ մեր երկրում ընտրությունները կայանում են այնկերպ, ինչպես կայանում են, մի խոսքով՝ այդ նորմերի փաստացի դադարումն է նշանակում սահմանադրական կարգի տապալում»,- ասաց նախարարը՝ կոչ անելով չհնչեցնել արտահայտություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը:
Գալյանի խոսքով՝ Սահմանադրությամբ, երբ որևէ անձի մասին, այդ թվում՝ իրավաբանական, ընդ որում՝ եկեղեցին իրավաբանական անձ է, նշում է արված, դրա մասին խոսելը որևէ պարագայում չի կարող մեկնաբանվել որպես սահմանադրական կարգի տապալում:
Մանրամասները՝ տեսանյութում: