Հունիսի 16-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը Փարիզի Սորբոն-Պանթեոն 1 համալսարանում հանդես է եկել «Հայաստանի Հանրապետությունը միջազգային հարաբերություններում. աշխարհաքաղաքականություն, ազգային առաջնահերթություններ և դիվանագիտական աշխատանք» խորագրով բանախոսությամբ։
Միջոցառումը կազմակերպվել էր Փարիզի Սորբոնի համալսարանի «Միջազգային հարաբերություններ» և Փարիզի Բարձրագույն նորմալ դպրոցի «Համաժողովներ» ասոցիացիաների համատեղ նախաձեռնությամբ։
Հայաստանի դեսպանը խոսել է Հարավային Կովկասում տարածաշրջանային զարգացումների վրա գլոբալ աշխարհաքաղաքական իրադարձությունների ազդեցության մասին, հանգամանալից ներկայացրել է տարածաշրջանում երկարատև և կայուն խաղաղության հասնելու ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից գործադրվող ջանքերը, այդ թվում նաև՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության, Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացները, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։
Դեսպան Խաչատրյանն անդրադարձել է նաև Հայաստանի և Ֆրանսիայի միջև առանձնահատուկ հարաբերություններին և ռազմավարական նշանակության ուղղություններով շարունակաբար զարգացող համագործակցությանը։
Բանախոսության ավարտին Հայաստանի դեսպանը պատասխանել է ներկաների հարցերին՝ անդրադառնալով նաև առաջիկայում Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության կողմերի համաժողովին ( COP17), Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին և Հայաստանին առնչվող երկկողմ և բազմակողմ այլ թեմաների։