3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին ու 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդուն՝ Սեդրակ Քոչարյանին նոր մեղադրանքներ են ներկայացվել: Մեղադրանքի հիմքում բացահայտված սխեման է, թե ինչպես է Հայաստանում հիմնադրված հայ-ռուսական համատեղ բիտումի գործարանը դարձել գործարար Միխայիլ Բաղդասարովի սեփականությունն ու ինչպես են գործարանից փայա-բաժիններ ստացել Սարգսյանի եղբորորդին ու Քոչարյանի որդին:
Պարզվել է, որ այդ ամենը տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի անմիջական հովանավորությամբ: Օրենքով սահմանված արգելքին հակառակ մասնակցելով Միխայիլ Բադդասարովի հետ փոխկապակցված ընկերությունների կառավարմանը, 3-րդ նախագահը Բաղդասարովին հանձնարարել է բիտումի գործարանի գործարքներից ստացված գումարից 6 միլիոն դոլարը փոխանցել Սեդրակ Քոչարյանին:
Այդ գումարի հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով Քոչարյանը գումարը օրինականացրել է Կոնգրես հյուրանոցի ձեռքբերմամբ:
Սերժ Սարգսյանը մեղադրանքը չի ընդունում: Հակակոռուպցիոն կոմիտեում քննված գործով նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել 30 միլիոն դրամ գրավն ու բացակայելու արգելքը, Սեդրակ Քոչարյանինը՝ բացակայելու արգելքը: Գործն ուղարկվել է դատարան:
2020-ին մահացած Միխայիլ Բաղդասարովի մասնակցությամբ հանցավոր սխեմայի մանրամասները՝ Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում.