Հունիսի 17-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Արգիշտիի փողոցում: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը:
Մասնավորապես՝ Արգիշտիի փողոցում՝ Երևանի քաղաքապետարանին հարող ճանապարհահատվածում, երեք երթևեկելի գոտիներից միջինը կառանձնացվի հասարակական տրանսպորտի համար, իսկ երրորդ երթևեկելի գոտին՝ հետադարձ կատարողների համար:
Արգիշտիի փողոցում՝ «Նոյ» գործարանի և «Վիվասել Արմենիա» ՓԲ ընկերության գրասենյակին հարող հատվածում երթևեկությունը դեպի «Հաղթանակի» կամուրջ կկազմակերպվի երկու երթևեկելի գոտիով, որոնցից առաջին երթևեկելի գոտուց կթույլատրվի երթևեկել դեպի «Հաղթանակի» կամուրջ և Մաշտոցի պողոտա, իսկ երկրորդ երթևեկելի գոտին կառանձնացվի հասարակական տրանսպորտի համար:
Այդ գոտուց հնարավոր կլինի կատարել ձախ շրջադարձ դեպի Ոսկերիչների փողոց: Հակառակ ուղղությամբ՝ «Հաղթանակի» կամրջից դեպի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց, երթևեկությունը կկազմակերպվի երեք գոտիներով, որոնցից առաջինը կառանձնացվի հասարակական տրանսպորտի համար. այդ ճանապարհահատվածում կտեղադրվի հասարակական տրանսպորտի համար նախատեսված կանգառ:
Արգիշտիի փողոցի՝ «Երևան պլազային» հարող հատվածում, ձախ եզրային երթևեկելի գոտին կառանձնացվի հասարակական տրանսպորտի համար:
Միաժամանակ Խորհրդարանի փողոցի կողմից կթույլատրվի մուտքը միայն Արգիշտիի փողոցի առաջին երթևեկելի գոտի: