ՆԳՆ ոստիկանությունը հրապարակել է Պարեկային ծառայության (ՊԾ) կարգախմբի մասնակցությամբ Արարատի մարզում տեղի ունեցած վթարի տեսանյութը:
Տեսանյութում հստակ երևում է, որ ՊԾ կարգախումբը, վարելիս բջջային հեռախոսից օգտվելու համար, կանգնեցնում է «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան՝ վարչարարություն իրականացնելու նպատակով, ինչից հետո «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ստեղծում է վթարային իրավիճակ, ինչի հետևանքով նույն ճանապարհով ընթացող «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, չկարողանալով կառավարել այն, բախվում է «ՎԱԶ» մեքենային, ապա ճանապարհի աջ եզրային մասում կայանված պարեկային ծառայության կարգախմբի ավտոմեքենային։
«Այս վթար հետ կապված՝ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ մասնակից է նաև ՀՀ վարչապետին ուղեկցող ավտոշարասյունը։
Հայտնում ենք, որ այս տեղեկությունը իրականության հետ որևէ աղերս չունի, և կոչ ենք անում չճշտված ու չստուգված տեղեկություններ չտարածել»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հերքել էր մամուլում տարածված տեղեկությունները, թե վարչապետ Փաշինյանի ավտոշարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել Արմաշ գյուղում: