Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հաստատել է, որ Իսրայելը զինում է Գազայի այն կլաններին, որոնք, նրա խոսքով, դեմ են ՀԱՄԱՍ-ին։ Ավելի վաղ իսրայելական լրատվամիջոցները, հղում անելով պաշտպանության նախարարության աղբյուրներին, հայտնել էին, որ վարչապետը թույլատրել է զենք մատակարարել Գազայի հատվածի հարավում գտնվող մարդկանց մեկ կոնկրետ խմբի։
Խոսքը վերաբերում է Աբու Շաբաբ կլանին, որն իրեն ներկայացնում է որպես ՀԱՄԱՍ-ի դեմ հանդես եկող ուժ։
Որոշ տեղեկությունների համաձայն՝ խմբավորման զինյալները տեղակայված են Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքում, որը գտնվում է Իսրայելի ռազմական վերահսկողության տակ։
Ե՛վ Իսրայելում, և՛ Գազայի հատվածում ոմանք այդ խումբն անվանում են աշխարհազորային, մյուսները՝ հանցավոր խմբավորում։
Իսրայելի մի շարք քաղաքական գործիչներ, այդ թվում՝ «Մեր տունն Իսրայելն է» կուսակցության ղեկավար Ավիգդոր Լիբերմանը, Նեթանյահուին մեղադրել են Իսրայելի անվտանգությանը սպառնալու համար։
Քնեսեթի դեմոկրատների առաջնորդ Յաիր Գոլանը հայտարարել է, որ վարչապետն այդ ծրագրով դանդաղ գործողության նոր ռումբ է ստեղծում Գազայում:
Սակայն Իսրայելի վարչապետը հերքել է այդ մեղադրանքները։ Նեթանյահուի գրասենյակը հայտարարել է, որ Իսրայելն «աշխատում է ՀԱՄԱՍ-ին տարբեր միջոցներով հաղթելու ուղղությամբ՝ հիմնվելով բոլոր ուժային կառույցների ղեկավարների առաջարկությունների վրա»: