Սննդի անվտանգության ստանդարտների սահմանումը պետական բյուջեի կոնկրետ ծախսային տող է: Առողջ ապրելակերպը նույնպես պետական բյուջեի կոնկրետ ծախսային տող է՝ սկսած մեր դպրոցներում և մեր համայնքներում մարզական ենթակառուցվածքներից, որոնք ստեղծվում են պետական բյուջեի միջոցների՝ ներառյալ սուբվենցիոն և ոչ սուբվենցիոն ծրագրերով: Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ՝ 2024 թվականի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումներին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Քաղաքացիների ընկալումն առողջ ապրելակերպի նկատմամբ մեծացնելու համար հանրահռչակման ծրագրեր ենք իրականացնում, այդ թվում՝ իմ կողմից հեծանիվ վարելու մղումը որոշակի բյուջետային ծրագրի իրականացում է՝ ցույց տալու, որ ամոթ չէ, որ 49-50 տարեկան տղամարդը հեծանիվ քշի, ամոթ չէ ուղղակի: Կներեք, բայց իմ կարծիքով, ամոթ է, որ չքշի»,- ծիծաղելով ասաց Փաշինյանը: