ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հրամայել է դադարեցնել ԱՄՆ ուսանողական վիզաների համար նոր հարցազրույցները, քանի որ քննարկում է դիմորդների սոցիալական ցանցերի ստուգման ընդլայնումը: Այս մասին հայտնել է Politico-ն՝ հղում անելով խմբագրական խորհրդի ձեռք բերած փաստաթղթին:
Լրագրողների խոսքով՝ Սպիտակ տունը որպես հնարավոր միջոց դիտարկում է ԱՄՆ-ում սովորել ցանկացող բոլոր անձանց սոցիալական ցանցերի պարտադիր ստուգումը և հրահանգել է ԱՄՆ դեսպանատներին ու հյուպատոսություններին դադարեցնել ուսանողական վիզայի համար դիմորդների հետ նոր հարցազրույցների նշանակումը, հաղորդում է Politico-ն։
Թրամփի վարչակազմը նաև խնդրել է դաշնային գործակալություններին չեղարկել Հարվարդի համալսարանի հետ մոտ 100 միլիոն դոլարի պայմանագրերը, ինչը խորացնում է նախագահի առճակատումը երկրի ամենահին և ամենահարուստ համալսարանի հետ։
Նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Հարվարդին՝ այն անվանելով լիբերալիզմի և հակասեմիտիզմի օջախ։
Բուհն ապրիլի 21-ին դատական հայց է ներկայացրել՝ կապված նախագահի վարչակազմի կոչերի հետ՝ փոփոխություններ կատարել ուսումնական հաստատության ղեկավարության, կառավարման և ընդունելության քաղաքականության մեջ։
Այդ ժամանակից ի վեր Սպիտակ տունը կրճատել է համալսարանի դաշնային ֆինանսավորումը, դադարեցրել է միջազգային ուսանողների ընդունումը և սպառնացել է չեղարկել բուհի՝ հարկերից ազատված կարգավիճակը։