Նախարար Բարոյի հետ այսօր անդրադարձել ենք տարբեր հարթակներում տարբեր ձևաչափերով մեր երկու երկրների միջև փոխգործակցության հնարավորություններին: Այդ մասին Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոյի հետ համատեղ ասուլիսին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Իհարկե, առաջնային նշանակություն ունի այս համատեքստում Հայաստանի՝ ԵՄ-ի հետ գործընկերության խորացման ուղղությամբ մեր համագործակցությունը: Ես շնորհակալություն եմ հայտնել նախարարին և ֆրանսիական կողմին այս ողջ գործընթացում և այս համատեքստում ֆրանսիական կողմից շարունակաբար Հայաստանին ցուցաբերվող աջակցության և Հայաստանի ցանկությունների խրախուսման համար: Բացի ընդհանուր պնդումից, պետք է շատ կոնկրետ բանի անդրադառնամ. օրինակ՝ վիզաների ազատականացումը, որի շուրջ ՀՀ-ում մեծ ակնկալիքներ կան: Ընդհանուր խոսակցությունը ԵՄ-ի հետ մեր ֆրանսիացի գործընկերների շատ գործուն աջակցությամբ և խրախուսմամբ է:
Կառանձնացնեի նաև Եվրոպական քաղաքական համայնքի ձևաչափը. հիշում եք՝ օրեր առաջ այդպիսի մի հանդիպում եղավ, այսպիսի ձևաչափով գագաթնաժողով եղավ Տիրանայում, և հայտարարվեց, որ այդպիսի գարնանային հավաք լինելու է Երևանում: Մենք շահագրգռված ենք այս հարթակով, առաջին օրվանից մեր ակտիվ մասնակցությունն ենք ունեցել, մեզ համար շատ արդյունավետ է այդ հարթակը, և հիմա նաև էլի Ֆրանսիայի և մյուս գործընկերների աջակցությամբ մենք կունենանք հաջորդ գարնանային հավաքը: Երևանում, Հայաստանում մեզ համար մեծ պատիվ կլինի հյուրընկալել մեր գործընկերներին:
Մենք կարևորություն ենք հաղորդում նաև Ֆրանկոֆոնիայի շրջանակներում մեր համագործակցությանը: Հայաստանը այստեղ ևս իր անելիքներն ունի, ունեցանք գագաթնաժողով մի քանի տարի առաջ, այժմ՝ խաղերը, երիտասարդության ներգրավումը նաև Ֆրանկոֆոնիայի շրջանակներում: Ուրախ եմ տեսնել, որ Հայաստանում այսօր ավելի շատ երիտասարդներ են ուզում խոսել գեղեցկագույն ֆրանսերենով, և սա ողջունելի է»,- նշեց Արարատ Միրզոյանը: