ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը Բելգրադ կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Սերբիան կանգնած է «ռազմավարական, աշխարհաքաղաքական» ընտրության առաջ՝ «թե որտեղ է ուզում լինել»։ ԵՄ բարձրաստիճան դիվանագետի խոսքը մեջբերել է Associated Press-ը։
«Սերբիայի եվրոպական ապագան կախված է այն արժեքներից, որոնք նա կպաշտպանի»,- ասել է Կալասը երկու շաբաթ անց այն բանից հետո, երբ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը մասնակցեց Մոսկվայում մայիսի 9-ի Հաղթանակի օրվա զորահանդեսին։
Կալասի խոսքով՝ Սերբիայի քաղաքական ղեկավարությունը շարունակում է ԵՄ-ին անդամակցությունն անվանել իր ռազմավարական նպատակը։ Այնուամենայնիվ, Բրյուսելը ցանկանում է «տեսնել գործողություններ, որոնք կապացուցեն և կհաստատեն այս խոսքերը»: ԵՄ դիվանագետը կոչ է արել Սերբիային լուրջ ջանքեր գործադրել բարեփոխումների ուղղությամբ, մասնավորապես՝ լրատվամիջոցների ազատությունն ապահովելու, կոռուպցիայի դեմ պայքարելու և ընտրական բարեփոխումներ իրականացնելու համար։
Բելգրադից հետո Կայա Կալասը մեկնել է Կոսովո: 2022 թվականին Կոսովոն պաշտոնապես հայտ է ներկայացրել Եվրամիությանն անդամակցելու համար։
ԵՄ բարձրաստիճան դիվանագետը նշել է, որ Սերբիայի և Կոսովոյի միջև հարաբերությունների կարգավորումը «հիմնարար» է նրանց եվրոպական ապագայի համար։ Կալասը հայտարարել է, որ մտադիր է շուտով Բրյուսել հրավիրել Բելգրադի և Պրիշտինայի ներկայացուցիչներին՝ այդ ուղղությամբ «կոնկրետ քայլերը» քննարկելու համար։