ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ակնկալում է, որ Ռուսաստանը մոտ ապագայում կներկայացնի Ուկրաինայի դեմ պատերազմում հրադադարի մոտավոր ծրագիր, հայտնում է DW-ն։ «Ինչ-որ պահի, գուցե մի քանի օրից կամ, հուսով եմ, արդեն այս շաբաթ, ռուսական կողմը կներկայացնի այն պայմանները, որոնք կցանկանար տեսնել»,- Ռուբիոն ասել է Սենատի արտաքին գործերի հանձնաժողովում:
Պուտինի հետ զրույցից հետո Թրամփը հայտարարել է, որ Մոսկվան և Կիևը կարող են «անմիջապես» սկսել հրադադարի շուրջ բանակցությունները։ Ըստ պարբերականի՝ Պուտինն ավելի զգուշավոր է եղել՝ ասելով, որ Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի կառավարության հետ «հուշագիր» մշակել երկու պետության միջև «հնարավոր ապագա խաղաղության համաձայնագրի» նախապատրաստման համար:
Իր հայտարարության մեջ ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ ռուսական կողմը կառաջարկի «միայն ընդհանուր պայմաններ», որոնք «թույլ կտան մեզ շարժվել դեպի հրադադար»։ Նա նաև շեշտել է, որ Թրամփը Պուտինի հետ զրույցի ընթացքում որևէ զիջում չի արել Ուկրաինայի հարցում։ Ռուբիոն չի բացառել ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների կիրառումը, «եթե պարզ դառնա, որ ռուսները հետաքրքրված չեն խաղաղության համաձայնագրով և ցանկանում են շարունակել պատերազմը»։