Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները Ստամբուլում սկսվել են Երևանի ժամանակով ժամը 15:30-ին։ Հանդիպման սկզբում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարություն է արել, որում նշել է, որ ստամբուլյան հանդիպմանը Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները պետք է իրենք ընտրություն կատարեն հակամարտությունը շարունակելու և խաղաղության ուղի գտնելու միջև:
«Մեր առջև երկու ճանապարհ կա. մեկը մեզ տանում է դեպի խաղաղություն, երկրորդը՝ աշխարհը կտանի դեպի ավելի մեծ ավերածություններ։ Կողմերն իրենք են որոշելու, թե որ ուղին ընտրեն»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը հանդիպման ժամանակ իր բացման խոսքում։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի բացառել, որ բանակցությունների ընթացքում կողմերը կարող են համաձայնության գալ հրադադարի վերաբերյալ։ Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ հայտարարել է, որ Ուկրաինայի հետ բանակցությունների նպատակը հակամարտության արմատական պատճառների վերացումն ու Ռուսաստանի շահերի ապահովումն է: