Ստամբուլում տեղի են ունեցել ԱՄՆ-ի, Թուրքիայի և Ուկրաինայի միջև բանակցությունները: Մոտ մեկ ժամ տևած հանդիպումից հետո Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը հայտարարել է, որ հանդիպումը դրական է եղել: Նա շեշտել է՝ Ուկրաինան պատրաստ է լիակատար և անվերապահ հրադադարի և Ռուսաստանի հետ ամենաբարձր մակարդակով ուղիղ բանակցությունների:
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նախքան Ստամբուլ ժամանելը հայտարարել էր, որ բանակցություններից մեծ ակնկալիքներ չունի: Պետքարտուղարը կարծիք էր հայտնել, որ բանակցությունները չեն նպաստի Ուկրաինայում խաղաղության գործընթացի մեկնարկին։ Ըստ Ռուբիոյի՝ այն կսկսվի միայն Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո։ «Ես չգիտեմ, թե երբ կամ որտեղ դա տեղի կունենա, բայց այս պահին դա է միակ հնարավորությունը»,- հայտարարել է Մարկո Ռուբիոն:
Մեկնաբանելով Ստամբուլում ուկրաինական կողմի հետ Վլադիմիր Պուտինի՝ իր իսկ նախաձեռնած ուղիղ բանակցություններին մասնակցելուց հրաժարվելը՝ Դոնալդ Թրամփը նույնպես հայտարարել է, որ առանց Ռուսաստանի նախագահի հետ իր հանդիպման Ուկրաինայում խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններում առաջընթաց չի լինի։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ այդ հանդիպումը պետք է տեղի ունենա հնարավորինս շուտ, «քանի որ չափազանց շատ մարդիկ են զոհվում»։
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում: