Հռոմի Պապ Լևոն XIV-ը երկուշաբթի առաջին անգամ հանդիպել է լրագրողների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ ու ընդգծել խոսքի ազատության կարևորությունը, հայտնում են Վատիկանի մամուլի ծառայությունից:
«Խաղաղությունը սկսվում է մեզանից յուրաքանչյուրից՝ թե ինչպես ենք նայում ուրիշներին, լսում նրանց և խոսում նրանց մասին: Կարևոր է, թե ինչպես ենք հաղորդակցվում: Մենք պետք է «ոչ» ասենք բառերի պատերազմին»,- հայտարարել է Լևոն XIV-ը լրատվամիջոցներին ուղղված իր առաջին ուղերձում:
Կաթոլիկ եկեղեցու քահանայապետը կոչ է արել ազատ արձակել «ճշմարտությունը հաղորդելու համար բանտարկված լրագրողներին»՝ հավելելով, որ «նրանց տառապանքները մարտահրավեր են նետում ազգերի և միջազգային հանրության խղճին՝ կոչ անելով բոլորիս պաշտպանել խոսքի և մամուլի ազատության թանկարժեք պարգևը»:
Հռոմի Պապ Լևոն XIV-ը նաև շնորհակալություն է հայտնել լրագրողներին «ճշմարտությանը ծառայելու» համար: