Լոնդոնում կայանալիք եվրոպացի նախարարների «Վայմար+» հանդիպումից առաջ Եվրոպական միության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը կոչ է արել Ռուսաստանին և Ուկրաինային համաձայնության գալ հրադադարի շուրջ։ Նա հայտարարել է, որ առանց համապատասխան համաձայնության խաղաղ բանակցություններ չեն կարող լինել և Մոսկվային մեղադրել է քաղաքական «խաղեր» խաղալու համար:
«Եթե հրադադար չլինի, ապա կրակի տակ բանակցություններ չեն կարող լինել»,- նշել է Կալասը՝ հավելել՝ «մենք լսել ենք, թե ինչ է ասել Պուտինը, բայց տեսել ենք նաև, թե ինչ են արել, նկատի ունեմ՝ մեկ գիշերվա ընթացքում, նորից, 100-ից ավելի անօդաչու սարքերով հարձակումներն Ուկրաինայի վրա»: Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին էլ նշել է, որ եթե Մոսկվան նորից հրաժարվի հրադադարից, ապա պետք է ճնշում գործադրվի ոչ թե ագրեսիայի զոհի, այլ ագրեսիայի հեղինակի վրա, մինչև նա ցավ զգա և դառնա ավելի խելամիտ։
Իսպանիայի արտաքին գործերի նախարարն էլ հայտարարել է, որ Եվրոպան խաղաղություն է ուզում: «Հիմա Ռուսաստանը պետք է պատասխան տա և գործով ապացուցի՝ արդյոք Մոսկվա՞ն էլ է խաղաղություն ուզում»,- նշել է Խոսե Մանուել Ալբարես Բուենոն:
«Վայմար+» հանդիպմանը մասնակցում են ԱԳ նախարարներ Ֆրանսիայից, Գերմանիայից, Իտալիայից, Լեհաստանից, Իսպանիայից և Եվրամիության ներկայացուցիչներ։ Բանակցություններն առաջին անգամ են ընթանում Լոնդոնում՝ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամիի նախագահությամբ։
Մանրամասները՝ տեսանյութում: