Ես, տեսնելով զարգացումները, մեր ՀԱՊԿ գործընկերներին ասել եմ, որ ես տեսնում եմ ՀՀ ինքնիշխան տարածքի վրա հարձակման ռիսկ. ՀԱՊԿ մեր գործընկերները ասել են, որ իրենք դա հնարավոր չեն համարում, բայց Հայաստանի սահմաններն իրենց համար կարմիր գիծ են: Երբ որ տեղի է ունեցել 2022 թվականի սեպտեմբերյան պատերազմը, երբ որ Հայաստանի տարածք ներխուժում է տեղի ունեցել, ընդ որում՝ դա առաջինը չի եղել, դրանից առաջ եղել են 2021 թվականի նոյեմբերի իրադարձությունները, 2021 թվականի մայիսի իրադարձությունները: Ես այդ երկխոսությունը համարել եմ ՀՀ-ի համար անհարգալից, և ես որոշում եմ կայացրել, որ ՀՀ կառավարությունը պետք է ճանաչի ՀՀ տարածքային ամբողջականությունը: Այդ մասին ԱԺ-ում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանի՝ Ռուսաստանի միջնորդության վերաբերյալ հարցին:
«Նրանք, ովքեր մինչև հիմա չեն արձանագրել, թե ինչ է տեղի ունեցել 2022 թվականի հոկտեմբերի 6-ին: Ինչքան էլ աբսուրդ հնչի, հոկտեմբերի 6-ին ՀՀ վարչապետը ճանաչել է ՀՀ տարածքային ամբողջականությունը, նաև հարևանների տարածքային ամբողջականությունը, որովհետև մեր երկրի տարածքային ամբողջականությունը պարփակված է հարևանների տարածքային ամբողջականությամբ: Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը էս մտքի հետ բանավեճ ունեն, ուղիղ եթերում հրավիրում եմ, շարունակում եմ նրանց հրավիրել բանավեճի: Եթե որևէ բան են ասում, հերթական սարսափազդու կամ հիմար միտքն են արտահայտում մեր հարգելի գործընկերները, ուրեմն առաջին ռեակցիան իմացեք. եկեք ձեր խելոք, հիմար, իմաստուն, ոչ էդքան մտքերը հավաքեք, եկեք կանգնենք: Ազնիվ բան եմ, չէ՞, առաջարկում՝ մեկը ընդդեմ երեքի: Այնպես չէ, որ գանք վեց հոգով ձեր դեմ. ասում եմ եկեք՝ մեկը ընդդեմ երեքի: Եկեք բանավեճի, ինչի՞ չեք գալիս»,- նշեց Փաշինյանը: