Իսրայելը ձերբակալել է 18 մարդու՝ Երուսաղեմի մոտակայքում անտառների հրկիզմանը մասնակցելու կասկածանքով, հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
Միևնույն ժամանակ, նա վստահեցրել է, որ երկիրը «կհաղթահարի նաև այս խնդիրը»։ «Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ՝ հրդեհը մարելու և ավերվածը վերականգնելու համար»,- վարչապետի խոսքն են մեջբերում տեղական լրատվամիջոցները։
Երուսաղեմի տարածքում խոշոր հրդեհը բռնկվել է ապրիլի 30-ի առավոտյան: Հրշեջ-փրկարարական ծառայությունը գործել է «կրակային հարված» ռեժիմով, որը հայտարարվում է իրավիճակի նկատմամբ վերահսկողությունը կորցնելու սպառնալիքի դեպքում։ Նույն օրը չեղարկվել են Իսրայելի Անկախության օրվա բոլոր միջոցառումները՝ դրանց անվտանգությունն ապահովելու անհնարինության պատճառով։
Հունաստանը, Իտալիան, Խորվաթիան և Պաղեստինի ազգային վարչակազմը օգնություն են առաջարկել հրեական պետությանը հրդեհները մարելու գործում։