Սպիտակ տունը հերքել է չինական ապրանքների համար ԱՄՆ մաքսատուրքերը մինչև 245% բարձրացնելու մասին տեղեկությունները՝ բացատրելով, որ 145%-ից ավելի մաքսատուրքերը կգործեն միայն որոշակի կատեգորիայի ապրանքների համար։
Ավելի վաղ սոցցանցերում տեղեկություններ էին տարածվել, թե ԱՄՆ իշխանությունները Չինաստանին սպառնացել էին ներմուծման համար «մինչև 245%-ի» առևտրային մաքսատուրքեր մտցնել՝ նախկինում սահմանված մաքսատուրքերին պատասխան գործողությունների համար։
Սպիտակ տունը սոցիալական ցանցերում հայտարարություն է տարածել, որում հերքվում է այդ տեղեկությունը: «Չինաստանին սպառնում են հետևյալ մաքսատուրքերը՝ 125 տոկոս փոխադարձ մաքսատուրք, 20 տոկոս՝ ֆենտանիլի ճգնաժամը լուծելու համար, մաքսատուրքեր 301-րդ բաժնի (1974 թվականի առևտրի մասին օրենքը) որոշակի ապրանքների համար՝ 7.5 տոկոսից մինչև 100 տոկոս»,- նշված է հայտարարության մեջ:
Առևտրային պատերազմի մի շարք քայլերից հետո չինական ապրանքների համար ԱՄՆ լրացուցիչ «փոխադարձ» մաքսատուրքը հասել է 125%-ի, նույնքան է նաև Չինաստանի սահմանած պատասխան մաքսատուրքը ամերիկյան ապրանքների համար: Բացի այդ, Միացյալ Նահանգները Չինաստանի նկատմամբ ևս 20% մաքսատուրք է սահմանել՝ սինթետիկ թմրանյութերի դեմ անբավարար պայքար մղելու պատճառով։