Իրավապահները երբեմն իրենց թույլ են տալիս երթևեկության կանոնների այնպիսի խախտումներ, որոնք այլ քաղաքացիներ չեն կատարում կամ կատարելու դեպքում վարչարարության են ենթարկվում. սա վատ օրինակ է հանրության համար: Այդ մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած՝ «Ճանապարհային երթևեկության անվտանգությունը ՀՀ-ում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը:
Ըստ զեկուցողի՝ խնդրահարույց է նաև իրավապահ մարմինների շենք-շինությունների՝ դատախազության, քննչական մարմինների, ոստիկանության, ԱԱԾ-ի մոտ տիրող իրավիճակը:
«Այդ շենքերի հարակից հատվածներում մեքենաները կայանված են մայթերի վրա, և սա ևս, կարծում եմ, շատ վատ օրինակ է քաղաքացիների համար, թե ինչպիսին պետք է լինի իրավապահը»,- ասաց նա:
Մեկ այլ խնդիր է ՆԳՆ-ի և ոստիկանության ծառայողի կողմից պարտականությունները կատարելիս երթևեկության կանոնների խախտման մասով չհարուցված վարույթը:
«Ժամանակին ծառայողների նկատմամբ կարգապահական վարույթներ էին իրականացվում, և գոնե պարզվում էր՝ այդ ծառայողը երթևեկության կանոնները խախտել է ծառայության անհրաժեշտությունից ելնելո՞վ, թե՞ չէ: Հիմա՝ վերջին տարիներին, բոլոր վարույթների հարուցումը համատարած մերժվում է, և առհասարակ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում չի էլ քննարկվում՝ այս խախտումն արվել էր ծառայության անհրաժեշտությունից ելնելո՞վ, թե՞ չէ»,- ասաց նա:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը նկատեց՝ ներկայացված փաստերը ստուգման արժանի են, ապա տեղեկացրեց, որ երկու տարի առաջ վերլուծություն է արվել, որի շրջանակում պարզվել է՝ 20-ից ավելի պատգամավորներ ունեն լուրջ տուգանքներ. «Անգամ ունենք պատգամավոր, որ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից է զրկվել»: