Վրաստանն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը և պատրաստ է հետագայում ևս իր ներդրումն ունենալ այդ գործընթացում՝ հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ:
Լրատվամիջոցների տվյալով՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Ադրբեջանի և Վրաստանի ռազմավարական գործընկերության հիմնական ուղղությունները: Կարևորվել է երկրների համագործակցությունը տարբեր միջազգային և տարածաշրջանային ձևաչափերում:
Անդրադարձ է եղել նաև Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի եռակողմ համագործակցությանը վերաբերող հարցերի:
Վրաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել ադրբեջանական կողմին՝ Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը մշտապես աջակցելու համար:
Գաֆարովային ընդունել է նաև Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին: Կողմերը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը և ընդգծել բարիդրացիական հարաբերությունների, խաղաղության և անվտանգության կարևորությունը։ Նշվել է ռազմավարական նշանակության տարածաշրջանային նախագծերի իրականացման ուղղությամբ աշխատելու պատրաստակամությունը։