Բրյուսելում մեկնարկել է ԵՄ առաջնորդների արտահերթ նիստը, որին մասնակցում է նաև Վոլոդիմիր Զելենսկին: Հանդիպմանն ընդառաջ Ուկրաինայի նախագահը, Եվրոպական խորհրդի և Եվրահանձնաժողովի ղեկավարները զրուցել են լրագրողների հետ:
Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԵՄ առաջնորդներին պատերազմի սկզբից ի վեր Ուկրաինային ցուցաբերած ուժեղ աջակցության, պաշտպանական ոլորտում գործակցությունը շարունակելու համար։
Ուրսուլա ֆոն դեր Լայենն էլ մտահոգություն է հայտնել, որ Եվրոպան բացահայտ վտանգի առաջ է և պետք է կարողանա պաշտպանվել, ինչպես նաև հնարավորություն ստեղծել Ուկրաինայի համար՝ հասնելու կայուն և արդար խաղաղության:
«Առաջիկայում կներկայացնենք Եվրոպայի վերազինման ծրագիրը, որը նախատեսում է մինչև 800 միլիարդ եվրոյի ներդրումներ պաշտպանության ոլորտում»,- ասել է ֆոն դեր Լայենը։
Հանդիպմանը ներկա է նաև եվրոպական դիվանագիտության ղեկավարը: Կայա Կալասի խոսքով՝ մտադրություն կա ստեղծել մեծամասնական կոալիցիա, որ առանձին երկրներ չկարողանան արգելափակել ԵՄ երկրների մեծամասնության որոշումները։
«Հունգարիան խոչընդոտում է Ուկրաինային օգնության նախաձեռնությունները, դա մեծ խնդիր է դառնում ԵՄ-ի համար»,- նշել է պաշտոնյան: