Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ելույթ է ունեցել Իգդիր-Նախիջևան խողովակաշարի բացման արարողության ժամանակ՝ գազատարն անվանելով «Թուրքիայի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ճակատագրերի անբաժանելիության խորհրդանիշ»։ Նա նշել է, որ BOTAŞ-ի կառուցած 80 կիլոմետրանոց գազատարը նախատեսված է օրական մինչև 2 միլիոն խորանարդ մետր գազ մատակարարելու համար, և գազատարի գործարկմամբ կապահովվի Նախիջևանի էներգետիկ անվտանգությունը առնվազն 30 տարի ժամկետով: Նախագահը հայտնել է, որ Անկարան նոր քայլեր է ծրագրում Նախիջևանին աջակցելու համար, մասնավորապես, էլեկտրաէներգիայի մատակարարման ոլորտում:
Իգդիր-Նախիջևան գազատարի բացման արարողության ժամանակ Էրդողանն իր ելույթում նշել է նաև, որ Անկարան և Բաքուն աջակցում են տարածաշրջանում կայունությանը, համագործակցությանն ու բարգավաճմանը։
«Մեր երկրները միայն մեկ բան են ուզում՝ խաղաղություն, և առ այսօր մեծ թվով քայլեր ենք ձեռնարկել խաղաղության և տարածաշրջանային զարգացման ուղղությամբ»,- ասել է Թուրքիայի նախագահը: