Փրայմերիզին, իհարկե, կարելի է հազար հատ անուն կպցնել, ինչը և շատ հաճախ անում են, բայց ես ձեզ վստահեցում եմ, որ ՀՀ-ում չկա երկրորդ կուսակցությունը, որը սրա 10 տոկոսի չափով ինչ-որ ժողովրդավարական պրոցեսով գեներացնի իր այս կամ այն թեկնածուին: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով Գյումրիում տեղի ունեցած փրայմերիզին, որի արդյունքում Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար նշանակվեց Սարիկ Մինասյանը:
«Հա՛, մենք ունենք որոշակի թերություններ, գուցե փրայմերիզի ինստիտուտը որոշակի լավարկման տեղ ունի, բայց միանշանակ է, որ այս տեսակ ժողովրդավարական մեխանիզմով թեկնածուի ընտրություն Հայաստանում ոչ մի ուրիշ կուսակցություն չի ունեցել»,- ասաց նա:
Հարցին՝ 2026 թվականին ընտրություններից առաջ է՞լ է փրայմերիզ լինելու՝ Նիկոլ Փաշինյանին առաջադրելով վարչապետի թեկնածու, Վահագն Ալեքսանյանը պատասխանեց. «Հետաքրքիր միտք եք ասում: Մենք դրա փոխարեն կունենանք համաժողով, որի ընթացքում մեր կուսակցության անդամները կձևավորեն մեր ընտրական ցուցակը, այդ թվում՝ ցուցակի առաջին համարը»: