Ուկրաինայի կառավարությունը փաստացի վերջնականացրել է հանքային ռեսուրսների վերաբերյալ համաձայնագրի տեքստը, հայտնել է Ուկրաինայի վարչապետը: Դենիս Շմիհալի խոսքով՝ փաստաթուղթը կոչվում է «Ուկրաինայի վերականգնման ներդրումային հիմնադրամի կանոնների և պայմանների ստեղծման մասին համաձայնագիր»:
Նա նշել է, որ հիմնադրամը հավասարապես կառավարելու և համալրելու են Ուկրաինան և ԱՄՆ-ը: Շմիհալը հավատացրել է՝ Կիևը որևէ համաձայնագիր չի ստորագրի առանց անվտանգության երաշխիքների։
Դենիս Շմիհալ (Ուկրաինայի վարչապետ)․ - «Իհարկե, ո՛չ Ուկրաինայի նախագահը, ո՛չ կառավարությունը չեն ստորագրի որևէ ստրկական կամ գաղութային պայմանագիր, որը հաշվի չի առնի մեր պետության շահերը: Այս համաձայնագիրը նախնական բնույթ է կրում, մինչ միջազգային իրավաբանների ներգրավենք»։ Վոլոդիմիր Զելենսկին էլ հայտնել է, որ համաձայնագրում չկան անվտանգության այն բոլոր երաշխիքները, որոնք ցանկանում էր տեսնել Ուկրաինան, բայց կա գոնե համապատասխան առաջարկ: Նրա խոսքով՝ կարևորն այն է, որ փաստաթղթում խոսք չկա Վաշինգտոնի նկատմամբ 500, 350 կամ 100 միլիարդ դոլարի պարտքի մասին, ինչպես ավելի վաղ հայտարարում էր Դոնալդ Թրամփը:
Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։