Այս շաբաթվա սկզբին Փարիզում ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի երեք տասնյակ առաջնորդների, այդ թվում՝ Կանադայի հետ խորհրդակցությունների երկու փուլից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլսը հայտարարել է, որ Եվրոպայի երկու միջուկային տերությունների՝ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ղեկավարները հաջորդ շաբաթվա սկզբին հրավիրվել են Սպիտակ տուն՝ քննարկելու ուկրաինական պատերազմը։
Սաուդյան Արաբիայում Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունների միջև բանակցություններից հետո հիմնական մտահոգություններից մեկն այն էր, որ Թրամփը կարող է համաձայնության գալ Մոսկվայի հետ՝ հաշվի չառնելով ոչ Կիևի, ոչ էլ միասնական Եվրոպայի անվտանգության շահերը:
«Հաջորդ շաբաթվա սկզբին Մակրոնը կհանդիպի Թրամփի հետ՝ փոխանցելու Եվրոպայի դիրքորոշումն Ուկրաինայի վերաբերյալ, ինչպես նաև ընդգծելու, որ Ուկրաինայի ապագան չպետք է որոշվի առանց նրա մասնակցության»,- ասել է Ֆրանսիայի ԱԳՆ եվրոպական հարցերով պատվիրակ Բենջամին Ադադը։ Նրա խոսքով՝ ԵՄ երկրները Ռուսաստանի վրա տնտեսական ճնշում գործադրելու մի քանի լծակ ունեն։ Եվրոպան, ինչպես պնդում է ֆրանսիացի նախարարը, կարող է նաև անվտանգության երաշխիքներ տալ։
Սթարմերն էլ ասել է, որ հաջորդ շաբաթ կմեկնի ԱՄՆ՝ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկելու Ուկրաինայում երկարաժամկետ խաղաղության «հիմնական տարրերը»:
Ի դեպ, Sky News-ը, հղում անելով իր աղբյուրներին, հաղորդում է, որ Վաշինգտոնից վարչապետ Քիր Սթարմերի վերադարձից հետո Լոնդոնը ծրագրում է Ուկրաինայի հարցով հանդիպում անցկացնել մի շարք երկրների ղեկավարների հետ: