Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգը չորեքշաբթի՝ փետրվարի 19-ին, պաշտոնական այցով ժամանել է Կիև, հայտնում է UNIAN գործակալությունը։
«Հրաշալի զրույց կունենամ Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ: Մենք կլսենք նրանց, պատրաստ ենք տրամադրել այն, ինչ հարկավոր է։ Մենք հասկանում ենք անվտանգության երաշխիքների անհրաժեշտությունը։ Իմ առաքելության մի մասը լսելն է, համոզված լինել, որ ամեն ինչ ճիշտ ենք հասկանում: Հետո կվերադառնամ ԱՄՆ և կխոսեմ նախագահ Թրամփի հետ»,- Քիթ Քելոգը ուկրաինացի լրագրողներին է ներկայացրել Կիև իր այցի նպատակը։
Նա մտադիր է երկու օր անցկացնել Ուկրաինայում։ Նախագահ Վոլոդիմիր Զելենսկու խոսքով՝ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչը հանդիպում կունենա իր և Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկու հետ։
Դեռևս փետրվարի 15-ին Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովում պանելային քննարկման ժամանակ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչն ասել էր, որ Ռուսաստանը ստիպված կլինի զիջումների գնալ Ուկրաինայի պատերազմը դադարեցնելու համար։ Միաժամանակ Քելոգը խոստովանել է, որ Ռուսաստանի նախագահը «չի պատրաստվում կրճատել իր զինված ուժերը», սակայն Վաշինգտոնը հույս ունի «ստիպել» նրան կատարել իր համար «տհաճ» գործողություններ։ «Միացյալ Նահանգները կարող է դրան հասնել, ինչպես նաև, ոչնչացնել ռուսական դաշինքները, որոնք վերջին տարիներին ձևավորվել են Իրանի, Հյուսիսային Կորեայի և Չինաստանի հետ»,- ասել է հատուկ ներկայացուցիչը։