Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծիք է հայտնել, որ միայն Ուկրաինայի նախագահն իրավունք ունի Կիևի անունից բանակցել խաղաղության շուրջ:
«Կապիտուլյացիայի վրա հիմնված խաղաղությունը վատ նորություն կլինի բոլորի համար, մասնավորապես՝ Միացյալ Նահանգների համար: Այս փուլում միակ հարցն այն է, թե արդյոք նախագահ Պուտինը պատրա՞ստ է անկեղծորեն, կայուն և համոզիչ կերպով համաձայնել հրադադարին։ Դրանից հետո ուկրաինացիները պետք է բանակցեն Ռուսաստանի հետ»,- նշել է Մակրոնը։
Ֆրանսիայի նախագահը աջակցություն է հայտնել Դոնալդ Թրամփի վարչակազմի դիրքորոշմանը, որ հենց Եվրոպան պետք է պատասխանատու լինի Ուկրաինայի անվտանգության համար: Մակրոնի խոսքով՝ ԱՄՆ նախագահը ստեղծել է հնարավորությունների պատուհան՝ իրավիճակը բանակցությունների միջոցով լուծելու համար, սակայն բովանդակությունը պետք է քննարկի ուկրաինական կողմը:
«Միջազգային հանրությունը, եվրոպացիների առանձնահատուկ դերակատարմամբ, պետք է քննարկի անվտանգության երաշխիքները և, ավելի լայն իմաստով, անվտանգության շրջանակները ողջ տարածաշրջանի համար: Հենց այստեղ մենք պետք է մեր դերը խաղանք»,- հավելել է Ֆրանսիայի ղեկավարը: