Չեմ կարող բնորոշել, որ գործընթացները փակուղում են հայտնվել: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով Ադրբեջանի հետ բանակցությունների ընթացքի վերաբերյալ հարցին՝ ասաց ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը:
«Տեսաք, որ սահմանազատման հանձնաժողովների նիստ տեղի ունեցավ, և պայմանավորվածություն կա, որ մոտ շրջանում նոր նիստ պետք է տեղի ունենա: Ինչ վերաբերում է հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագրի շուրջ բուն բանակցություններին, ապա այստեղ բավականին երկար ժամանակ է, ինչ մենք սպասում ենք ադրբեջանական կողմի արձագանքին մեր կողմից ներկայացրած առաջարկներին: Հույս ունենք, որ դա կարճ ժամանակում կստանանք, որպեսզի գործընթացը հնարավոր լինի շարունակել: Հայաստանը, ինչպես նախկինում, շարունակում է կառուցողականորեն տրամադրված լինել և ներգրավված լինել բանակցություններում:
Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմից հնչող սպառնալից հայտարարություններին, ապա փոխնախարարը նշեց հետևյալը. «Այս մասին Հայաստանի Հանրապետության բարձրագույն ղեկավարությունը արդեն քանիցս պաշտոնապես արձագանքել է, և վարչապետի վերջին հոդվածն էլ վստահաբար տեսել եք: Նման հայտարարությունները միտված են տարածաշրջանում էսկալացիոն ֆոնի ապահովմանը: ՀՀ-ն չի տրվելու նման սադրանքների, և մենք շարունակելու ենք կառուցողական տրամադրված լինեն բանակցային գործընթացին»:
Հարցին՝ եթե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա ու փորձի ուժով խլել այն «միջանցքը», որը պահանջում են, ո՞րն է լինելու ՀՀ գործողությունը՝ ԱԳ փոխնախարարը պատասխանեց. «Բնականաբար, Հայաստանը իրեն հասու ողջ գործիքակազմով պետք է պաշտպանի իր տարածքային ամբողջականությունը»։