Հարցին մոտենալով որպես «Ռուսաստա՞ն, թե՞ Արևմուտք» և հարցին իբրև թե պատասխան տալով «և՛ Ռուսաստան, և՛ արևմուտք»՝ մենք հայտնվել էինք մի իրավիճակում, որտեղ Արևմուտքի հետ մենք խոսում էինք բացառապես բարձր արժեքներից և այդ բարձր արժեքները փորձում ենք կիրառել Հարավային Կովկասում բացառապես ռուսական զենքով: Այդ մասին Ազգային ժողովում ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին քննարկման ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը՝ ելույթի համատեքստում անդրադառնալով քննարկումներին, թե ՀՀ-ն փոխո՞ւմ է իր արտաքին քաղաքական վեկտորը:
«Հարց է առաջանում՝ արդյոք այսօրվա կառավարող ուժը ցանկանում է վարել բազմավեկտոր կամ կոմպլեմենտար քաղաքականություն, ասել է թե՝ անել այն, ինչ ՀՀ նախորդ իշխանություններն ասում էին, բայց չէին անում: Պատասխանն է՝ «ոչ»:
Մյուս հարցը, որը հաճախ տրվում է մեզ, այն է, թե արդյոք Հայաստանը փոխո՞ւմ է իր արտաքին քաղաքական վեկտորը: Պատասխանն է՝ «ոչ»: Ինչո՞ւ. որովհետև այս հարցն է սխալ դրված:
Խնդիրն այն է, որ նախորդիվ կիրառված քաղաքականությունները մեզ և աշխարհը երևակայում էին հետևյալ կերպ. դե, կա Ռուսաստանը և Արևմուտքը, և մենք պետք է փորձենք հավասարակշռել նրանց կամ փոխլրացնել նրանց հետ մեր համագործակցությունը: Ֆունդամենտալ խնդիրն այստեղ այն է, որ Հայաստանը Արևմուտքի և Ռուսաստանի միջև չէ, Հայաստանը Վրաստանի, Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի միջև է: Մենք պետք է սովորենք քաղաքական և աշխարհաքաղաքական իմաստով աշխարհին նայել մեր տնից՝ Հարավային Կովկասից»,- ասաց նա:
Ըստ պատգամավորի՝ սա է պատճառը, որ ՀՀ-ն պետք է շարունակի վարել բալանսավորված քաղաքականություն, քաղաքականություն, որտեղ կախվածությունը մեկից կփոխարինվի շատերի հետ փոխկապվածությամբ, քաղաքականություն, որը հիմնված է իրական Հայաստանի գաղափարի վրա:
«Պետք է նկատենք, որ եթե աշխարհաքաղաքական կենտրոնների առճակատումը ազդելու է մեզ վրա, ապա այն ազդելու է մեզ վրա նախ և առաջ մեր հարևան երկրների ձեռամբ»,- հավելեց նա:
Այս համատեքստում պատգամավորը նկատեց՝ դեպի Արևմուտք գնացող ՀՀ-ի ճանապարհներն անցնում են ՆԱՏՕ-ի անդամ և ԵՄ հետ մաքսային միության պայմանագիր ունեցող Թուրքիայի միջոցով: ՌԴ-ի հետ ՀՀ-ին կապում է առնվազն Վրաստանը, ապաշրջափակման դեպքում՝ նաև Ադրբեջանը: Իրանը ՀՀ-ի բնական դաշնակիցն է: Վրաստանի և ԱՄՆ-ի հետ ՀՀ-ն ունի ռազմավարական գործընկերություն: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա նրան ուղղված ՀՀ առաջարկները «լուրջ են, բլեֆ չեն, ժամանակ խլելու միջոց չեն»:
«ՌԴ-ի հետ հարաբերությունները գործնական են՝ հիմնված ոչ թե իրենց չարդարացնող պատմական ակնկալիքների և էմոցիաների, այլ իրական, փոխշահավետ համագործակցության վրա»,- ասաց նա:
«Մենք պետք է ուղիղ, չմիջնորդավորված հարաբերություններ կառուցենք մեր բոլոր հարևանների հետ, և մենք երաշխավորած կլինենք ՀՀ անկախությունը, ինքնիշխանությունն ապագա սերունդների համար:
Հայաստանը կողմնորոշված երկիր է. այն ժողովրդավարական երկիր է Հարավային Կովկասում, և ձգտում է իր ժողովրդավարության կատարելագործման, տնտեսության դիվերսիֆիկացման և խաղաղության, բաց սահմանների իր բոլոր հարևանների հետ: Այս նպատակին են ուղղված մեր բոլոր քայլերը»,- նշեց պատգամավորը: