ԼԼուսինե Մուրադյան

Խորհրդարանը քննարկում է ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին նախագիծը

Խորհրդարանը քննարկում է ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին նախագիծը

ՀՀ-ն, արտահայտելով ՀՀ ժողովրդի կամքը, խնդիր դնելով ՀՀ-ն դարձնել անվտանգ, ապահով, զարգացած, բարեկեցիկ երկիր, հայտարարում է ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկը: Այդ մասին ԱԺ-ում ասաց Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով համապատասխան՝ «ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության գործընթաց մեկնարկելու մասին» օրենքի նախագիծը:

«Այն կկանխորոշի ՀՀ իշխանությունների որոշումների և գործելակերպի ուղղվածությունն ու մասշտաբը: Աշխարհաքաղաքական ստեղծված իրավիճակում օրենքը, նրա ընդունման ձևը և միջոցը կմեծացնեն ՀՀ-ի ինքնիշխանության ամրապնդումը, դիմակայությունը»,- ասաց Արտակ Զեյնալյանը՝ նշելով, որ օրենքի ընդունումը կնպաստի տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը ուժերի հավասարակշռության վերականգնման միջոցով, ՀՀ ազգային անվտանգության ապահովման հնարավորությունների մեծացմանը, ՀՀ ազգային բանակի համապատասխանեցմանը ԵՄ անդամ երկրների բանակների արդիական չափանիշներին, մարդու իրավունքների շարունակական զարգացմանը և պաշտպանությանը, տնտեսական անվտանգության մեխանիզմների ստեղծմանը գործող մենաշնորհների վերացմամբ, տնտեսության բազմազանեցմամբ, որը հնարավոր է միայն Արևմուտքի և ԵՄ-ի հետ համագործակցությամբ:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Հակոբյանը կարծում է՝ պետք է քաղաքացիներին բացատրել, թե ինչ ակնկալիքներ կարող են ունենալ այս գործընթացից: Ըստ պատգամավորի՝ հարցումները ցույց են տալիս, որ գործընթացի հետ կապված՝ քաղաքացիներն ընտանեկան նորմերի հնարավոր վատթարացում են տեսնում, նաև մտավախություն ունեն, որ գործընթացը դեմ է ՀՀ-ի՝ ՀԱՊԿ անդամակցությանը:

Զեյնալյանը թեև չբացառեց, որ նման կարծիք կարող է լինել, բայց նաև նկատեց, որ քաղաքացիները գիտակից են, գրագետ ու ամեն բան հասկանում են. «Ի՞նչ եմ ե՛ս տեսել: Մարդիկ «Եվրոպա» ասելով հասկանում են ազատություն, մարդու իրավունքներ, բարձրորակ բժշկական սպասարկում՝ գիտականորեն հինավորված, հասկանում են կրթություն, ճաշակ, բարեկեցություն, խաղաղություն, ապահովություն, նաև շատ բարձրորակ, բարձրտեխնոլոգիական զենք և զինամթերք, լավորակ կառավարում: Մեր հանդիպած քաղաքացիների մեծամասնությունն այսպես է ընկալում ԵՄ-ն»:

Հիշեցնենք՝ տարեսկզբին Կառավարությունը հավանություն էր տվել Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին որոշման նախագծին: Նախաձեռնության հեղինակները նախքան նախագիծն Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելը անհրաժեշտ 50 հազարի փոխարեն հավաքել էին 60 հազար ստորագրություն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում