Քիչ հավանական եմ համարում՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե հնարավո՞ր է Հայաստանը դիտարկի Մոսկվայի միջնորդական ջանքերն ընդունելու հեռանկարը՝ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Բայց մենք յուրաքանչյուր առաջարկ, եթե դա կոնկրետ է լինում, քննարկում ենք, և պատրաստ ենք քննարկել, բայց անցած փորձը շատ վատ հուշեր է թողել, և վերջիվերջո, մենք ունենք շատ չլուծված հարցեր. պատասխաններ, որոնք մինչև օրս չունենք։ Օրինակ՝ ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանական զորքերի հետ կապված Ռուսաստանի դիրքորոշումը՝ թե՛ ՀԱՊԿ-ի շրջանակներում, թե՛ Հայաստան-Ռուսաստան միջպետական պայմանագրի շրջանակներում։
Ռուսաստանը առնվազն պետք է գործողություն իրականացներ, բայց մենք նույնիսկ քաղաքական գնահատականի չարժանացանք։ Ի պատասխան հնչեց՝ դե, ձեր սահմանը դելիմիտացված չէ, պարզ չէ՝ որտեղ է ՀԱՊԿ-ը, և մենք ում հետ ենք պայմանագիր կնքել։ Այսինքն՝ ուղղակի ինչ-որ պատճառաբանություն գտնվեց խուսափելու դրանից։ Հիմա ասել՝ գիտեք ինչ, կարող ենք միջնորդ հանդիսանալ. մի քիչ ընդունում եք, չէ՞, որ հայկական կողմը կարող է դրան թերահավատորեն մոտենալ։
Էլ չեմ ասում՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ռուս խաղաղապահներն այնտեղ էին և պետք է պաշտպանեին հայ ժողովրդին, և որտե՞ղ են հիմա ռուս խաղաղապահները, և որտե՞ղ է հայ ժողովուրդը, որը բնակվում էր ԼՂ-ում»,- նշեց Ալեն Սիմոնյանը։
«Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելու առաջին պիոները ՌԴ նախագահն է։ Ամբողջ աշխարհը, այդ թվում՝ Ռուսաստանը, գիտեն, թե ինչ տեղի ունեցավ, և թե ինչպես նրանք մեզ մենակ թողեցին»,- ասաց ՀՀ ԱԺ նախագահը։