ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն՝ ի պատասխան տեղական լրատվամիջոցների՝ «Ռոսսոտրուդնիչեստվոյի» գործունեությունը դադարեցնելու մասին հարցի, նշել է, որ Ադրբեջանի տարածքում նման կազմակերպությունների գործունեությունը կարգավորվում է ազգային օրենսդրությանը, երկրների միջև փոխադարձության սկզբունքին և երկկողմ հիմունքներով ձեռք բերված համաձայնություններին համապատասխան:
«Ռուսական կողմին տեղեկացվել է, որ «Ռուսաստանի տունը» գրանցված չէ որպես իրավաբանական անձ և կազմակերպությունը լրջորեն խախտել է Ադրբեջանի օրենսդրությունը: 2025 թվականի փետրվարի 3-ին ռուսական կողմին գրություն է ուղարկվել «Ռուսաստանի տան» գործունեության դադարեցման մասին։ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ ռուսական կողմից ակնկալում են համապատասխան միջոցներ ձեռնարկել այդ ուղղությամբ։
Հատկանշական է, որ հունվարի վերջին իշխանամետ BakuTV-ն ռեպորտաժ էր պատրաստել Բաքվում գործող «Ռուսաստանի տան» գործունեության մասին՝ պնդելով, որ կառույցի քողարկման տակ աշխատում են ռուսական հատուկ ծառայությունները։ Հրապարակումից հետո Ադրբեջանի դեսպան Ռախման Մուստաֆաևին կանչել էին ՌԴ ԱԳՆ, և դժգոհություն էին հայտնել ռեպորտաժի բովանադակության կապակցությամբ։ Կրեմլից արձագանքել են Բաքվի որոշմանը: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հաստատել է, որ Մոսկվան ադրբեջանական կողմից ծանուցում է ստացել «Ռուսաստանի տան» գործունեության դադարեցման մասին։
Նա նշել է, որ Ռուսաստանն ակնկալում է, որ Բաքվում ռուսական մշակութային կենտրոնի հետ կապված իրավիճակը դրական լուծում կստանա։
«Ի պատասխան՝ ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնել իրականացնել անհրաժեշտ գործողություններ «Ռուսաստանի տան» գրանցումն ավարտին հասցնելու համար և դա անել՝ բնականաբար, Ադրբեջանի օրենսդրությանը համապատասխան»,- նշել է Զախարովան։
«Մենք բազմիցս առաջարկել ենք այդ հարցը քննարկել դիվանագիտական ուղիներով՝համապատասխան խորհրդակցությունների շրջանակներում: Այդ առաջարկները ադրբեջանական կողմին ուղարկվել է նաև գրավոր»,- հավելել է Զախարովան:
Միջազգային նորությունները՝ Մերի Ներսիսյանի ռեպորտաժում։