ԱԺ պատվիրակությունը խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ աշխատանքային այցով Բելգիայում է: Այցի շրջանակում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը և հանձնաժողովի անդամ Հասմիկ Հակոբյանը, եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն աշխատանքային ճաշի ձևաչափով հանդիպել են Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Էլս Վան Հուֆի և հանձնաժողովի անդամների հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:
Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-ԵՄ երկկողմ օրակարգերին վերաբերող հարցեր: Պատվիրակության անդամները բելգիացի գործընկերներին են ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ընթացքը, Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, տարածաշրջանային անվտանգային և հումանիտար բնույթի խնդիրները:
ԱԺ պատգամավորները կարևորել են Բելգիայի կառավարության Կոալիցիոն համաձայնագրում ներառված` առաջին անգամ Հայաստանի ժողովրդավարության և ժողովրդավարական օրակարգին հետագա աջակցության անհրաժեշտությունն ու Բելգիայի խորհրդարանի կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը:
ԱԺ պատգամավորները բելգիացի գործընկերներին հրավիրել են այցելելու Հայաստան: