Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը պաշտպանել է ԱՄՆ նախագահ Թրամփի նախաձեռնությունը՝ Գազայի հատվածի պաղեստինցիներին վերաբնակեցնել այլ երկրներում:
«Ես հանձնարարել եմ Իսրայելի պաշտպանության ուժերին պատրաստել ծրագիր, որը Գազայի բնակիչներին թույլ կտա մեկնել ցանկացած երկիր, որը պատրաստ է ընդունել նրանց:
Այն պետությունները, ինչպիսիք են Իսպանիան, Իռլանդիան, Նորվեգիան և մյուսները, որոնք Իսրայելին կեղծ մեղադրել են Գազայի հատվածում իր գործողությունների համար, իրավաբանորեն պարտավոր են թույլատրել տարածաշրջանի բնակիչներին մուտք գործել իրենց տարածք: Նրանց կեղծավորությունը կբացահայտվի, եթե նրանք հրաժարվեն: Մինչդեռ այնպիսի երկրներ, ինչպիսին Կանադան է, որն ունի ներգաղթի կառուցվածքային ծրագիր, ավելի վաղ պատրաստակամություն են հայտնել ընդունել Գազայի հատվածի բնակիչներին»,- հայտարարել է պաշտպանության նախարարը։
Կացի համոզմամբ՝ Գազայի բնակիչները պետք է ունենան ազատ տեղաշարժի և միգրացիայի իրավունք, ինչպես դա ընդունված է ամբողջ աշխարհում։
«Ես ողջունում եմ նախագահ Դոնալդ Թրամփի համարձակ նախաձեռնությունը, որը կարող է ավելի մեծ հնարավորություններ ստեղծել Գազայի բնակիչների համար, որոնք ցանկանում են հեռանալ, օգնել նրանց տեղափոխվել հյուրընկալող երկրներ և աջակցել ՀԱՄԱՍ-ից հետո ապառազմականացված, սպառնալիքներից զերծ Գազայի վերականգնման երկարաժամկետ ջանքերին, ինչը երկար տարիներ կպահանջի»,- հավելել է Կացը: