ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ԱՄՆ կատարած իր աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է CitiBank-ի ներկայացուցիչ Ջուլիե Մոնակոյի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:
Մոնակոն շնորհակալություն է հայտնել նախարարին համագործակցության, ինչպես նաև փոխադարձ վստահության համար։ Ներկայացնելով Հայաստանի ընդհանուր տնտեսական և քաղաքական վիճակը՝ նախարար Հովհաննիսյանը անդրադարձել է ներդրումների ներգրավման գործընթացին:
Նախարարը, մասնավորապես, խոսել է Ներդրումների աջակցության ազգային կենտրոնի մասին և նշել, որ առաջիկայում նախատեսվում է զարգացնել կենտրոնի կարողությունները: Կողմերը խոսել են նաև Հայաստանում բավականին արագ զարգացող ՏՏ ոլորտի և ոլորտում ակտիվ, լուրջ պոտենցիալ ունեցող կազմակերպությունների մասին: Սփյուռքից ներդրումներ ներգրավելու համատեքստում նախարարն ընդգծել է, որ նախատեսվում է ակտիվ ջանքեր գործադրել սփյուռքի հետ համագործակցության ամրապնդման և ներդրումների ներգրավման ուղղությամբ:
Հանդիպման ավարտին Մոնակոն անդրադարձել է ներդրումների ներգրավման նպատակով Business Council for International Understanding (BCIU) կազմակերպության հետ համագործակցության հնարավորություններին: Կողմերը մտքեր են փոխանակել BCIU-ի աջակցությամբ Հայաստանում ներդրումների խթանման ուղղությամբ հնարավոր քայլերի մասին, ինչպես նաև պայմանավորվել շարունակել երկխոսությունն այդ համագործակցության կյանքի կոչման ուղղությամբ: