«Կային ուժեր, որոնց առանցքային գործիքը մեզ կառավարելու հետևյալն է՝ անհնար դարձնել մեր ինքնուրույն ապրելը մեր միջավայրում, որ մենք լինենք ավելի կառավարելի»,- ԱՄՆ-ի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես այդ մասին գլխի եմ ընկել վարչապետ լինելու ընթացքում ամենատարբեր գործնական խնդիրներ լուծելիս, գործնական իրավիճակներում, խոսակցություններից, նախադասություններից։ Նույն խոսակցությունն ունենում եմ ամենատարբեր ղեկավարների հետ, որոնց ասածը հետևյալն է՝ գիտեք ինչ, այս աշխարհում ամեն մեկն իր դերն ունի, ձեր դերը նահատակն է, ժողովուրդ, ինչու եք խառնվել իրար։ Երբ մենք ասում ենք՝ հա, հասկանում ենք, որ մենք նահատակվել ենք, շատ դեպքերում դուք եք օգնել, որ մենք նահատակվենք, բայց մենք էլ չենք ուզում նահատակ լինել, ուզում ենք լինել սովորական ապրող ժողովուրդ, ուզում ենք՝ ՀՀ-ում սովորական մարդը ապրի սովորական կյանքով՝ առավոտը վեր կենա, մի բաժակ սուրճ խմի, նորմալ տրանսպորտ լինի, գնա գործի, հետ գա տուն, տարին մի անգամ գնա ինչ-որ տեղ հանգստանալու, և իր դերը չլինի նահատակ ժողովրդի ներկայացուցիչ լինելը։ Նահատակ լինելու դերի դեմ մենք պայքարելու ենք և պայքարելու ենք հանուն սովորական կյանքով․․․ դա արդեն ուրիշ պարամետր է, սովորական բարեկեցիկ կյանքով ապրող սովորական երկիր լինելու։ Սա է այն գաղափարախոսության փոփոխությունը, որ տեղի է ունենում, ես այս գաղափարախոսությունն իրականություն դարձնելը համարում եմ մեր պատմական առաքելությունը»,- ասել է վարչապետը։
Մանրամասները՝ տեսանյութում։