Առաջարկվում է Ասիական զարգացման բանկի կողմից ներգրավել 45,3 մլն եվրո արժողությամբ վարկ արդյունքահեն վարկավորման (RBL) ծրագրով: Վարկային միջոցները բաշխված կլինեն տարիների միջև: Սա նշանակում է, որ մինչև 2028 թվականը պետք է կարողանալ ապահովել արդյունքային ամեն ցուցանիշի դրական ելքը, և միայն այդ պարագայում հաջորդ տարվա ընթացքում վարկային միջոցները կտրամադրվեն: Այդ մասին Կառավարության՝ հունվարի 23-ի նիստին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ արդյունքային ցուցանիշները 7-ն են:
Ծրագրի շրջանակում նախատեսվում է առողջապահական ծառայությունների հաշվետվողականության թվայնացում, բուժհաստատությունների լիցենզավորում, առողջապահական ոլորտի մարդկային կապիտալի զարգացում, հեռաբժշկության պիլոտային ծրագրի իրականացում, էլեկտրոնային առողջապահության գործիքակազմի ապահովում:
Ծրագրի շրջանակում կվերականգնվեն և կկառուցվեն նաև առողջապահական հաստատություններ: Նախատեսվում է 24 ամբուլատորիաների, պոլիկլինիկաների կառուցում և վերահսկում՝ ըստ էներգախնայողության և համապատասխան ստանդարտների:
Թվայնացման գործիքների բարելավման մասով նախատեսվում է որակի կառավարման համակարգի թվայնացում, պատմագրերի և ներմուծվող ինֆորմացիայի թվայնացում, որոնց հիման վրա կիրականացվի հաշվետվողականություն և ֆինանսավորում:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն անդրադարձավ արխիվների թվայնացման կարևորությանը՝ նշելով, որ նպատակն այն է, որ մատուցվող ծառայությունները լինեն որակյալ և թիրախային: Առողջապահական ծառայություն մատուցողը պետք է թվային կապ ունենա ընդհանուր համակարգի հետ և տեղեկատվություն փոխանակի: Եթե բժշկական ծառայություն մատուցողը չի ստանում տեղեկատվություն բուժառուի մասին, նշանակում է, որ սխալի հավանականությունը շատ մեծ կլինի այն պարզ պատճառով, որ չգիտի՝ բուժառուն ինչ դեղամիջոց է ընդունել, ինչ վիրահատություններ է տարել, քանի որ եթե դա տեղի է ունենում ավանդույթ դարձած պատմելու մեխանիզմով, վտանգավոր է:
«[Թվայնացման] նպատակը շատ ավելի կառավարելի և վերահսկելի է դարձնում համակարգը, բայց մեր գերնպատակը մարդու առողջությունն է: Եթե չթվայնացնենք, չենք կարողանա լիարժեք ծառայությունների մատուցում կազմակերպել, և՛ տևողությունն ավելի երկար կլինի, և՛ ախտորոշումն ավելի երկար կտևի: Վստահ եմ՝ բուժման պրոցեսներն էլ ավելի էքսպերիմենտալ կամ ավելի երկար կլինեն»,- ասաց Մհեր Գրիգորյանը: